Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մտածելու բան է

Մտածելու բան է
25.03.2016 | 01:21

Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
Ահա և «անհիշելի» ժամանակներից Ազատության հրապարակում անթեղված «Նոր Հայաստանը»` յուր հարգարժան Ժիրայր Սէֆիլյանով ու մյուսներով, ճանապարհային երրորդ քարտեզ է ներկայացրել… տուն գնալու: ՈՒրիշ էլ ի՞նչ կերպ բնորոշես այն, եթե ցայս եղած պայքարի «քարտեզը» բացառապես այդ մասին է հավաստել:
Ասում եք` աչալուրջ եղիր և լուրջ «հաշվի՞ր»: Փորձենք: Բայց մինչ այդ պատասխանենք հետևյալ հարցին. ձմռան ցրտին-սառնամանիքին, անձրևին ու արևին Ազատության հրապարակում ինչո՞ւ էր համառորեն վրան խփել «Նոր Հայաստանը» և աչքն ո՞ւմ ճամփին էր պահում: Ո՞վ էր նրան ասել` «դարդ մի անի, գարուն կգա, կբացվի վարդը»: Չմարգարեանանք անուններ տալով, սակայն հասկանանք, որ ինչ-որ «մեկի» քարտեզում նրանց այնտեղ պահելու, ընդդիմության առանցք դարձնելու լուրջ նախագիծ կար: Եվ եթե «դեպի լուսին» նրանց երրորդ թռիչքը համադրենք Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու, ինչպես նաև վերջինիս արած հայտարարությանը, որ ձեռնոց է նետելու բոլորին, և, որ պետք է լայն համախմբում ստեղծել` «նետած ձեռնոցի» հաջողության համար, հասկանալի է դառնում, թե ինչու է անտես ձեռքը փորձում կրկին աշխուժացնել քաղաքական դաշտը: Պատահական չէ, որ կրկին աշխուժացել է «գենդերը». գերակտիվ կանայք կրկին սկսել են ավանդական ցույցերը` քաղբանտարկյալների, առաջիկայում, կարծում ենք, նաև այլ օրակարգերով, ֆլեշ-մոբերն են իրենց զգալ տալիս: «Նոր Հայաստանը» խոսել է անհնազանդությունների նոր բլոկի մասին: Խորհրդարանում ընդդիմության «արթուն» զավակ Լևոն Զուրաբյանը դեմագոգիան համադրում է քաղաքական «դիվիդիներ» պոկելու մարտավարության հետ: Եվ այդպես շարունակ: Ասել է` տարբեր կողմերից գալիս են` միավորվելու մեկ նպատակի շուրջ: Սակայն բուն նպատակն ու գործիքն ամենևին չեն լինելու ընդդիմադիր ուժերի միախմբումն ու Ազատության հրապարակը: Անտես «ձեռքը» գիտե, որ դա անհնար գործընթաց է, և ցանկացած պահի իշխանությունն այդ ավազաբլուրը քամուն կտա, ուստի հույսը դրել է հայտնի քաղտեխնոլոգիաների, ոչ թե մարդկանց վրա։
ՈՒ, թարսի պես, կրկին ասոցիացիա է առաջանում փոսն ընկած մարդու «տուն գնալու» անեկդոտի հետ, որովհետև քաղտեխնոլոգիաների առումով ևս մինչ այժմ եղել է… «տուն գնալու» վերջնահաշիվ:
Բայց չասեք` երբեք, որովհետև քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Այնուհանդերձ, պետք է հասկանալ, որ իշխանությունները երբեք սարերի հետևում քնած չեն: Նախ` ակնառու է, նրանք փորձում են ունենալ փոքրիշատե «օրինակելի» ընտրական օրենսգիրք և որոշակի քաղաքական կամք են դրսևորում` ընդդիմության, հասարակական սեկտորի առաջարկներին կառուցողական մոտեցում հանդես բերելու հարցում: Չնայած դա անում են ոչ թե ընդդիմության ու քաղաքացիական հասարակության «սիրուն» աչքերի, այլ` միջազգային հանրության, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳԻ գորովագթությանն արժանանալու և «բարի» կամք ցուցանելու համար: Ընդ որում, հավաստենք, որ Ընտրական օրենսգիրքը, ինչպես սահմանադրական փոփոխությունների պարագայում եղավ, հարգարժան ԱԺ-ում իշխանությունն անցկացնելու է ոչ թե մի կերպ, այլ խիստ որակյալ մեծամասնությամբ:
ՈՒստի, բացառելով գրեթե ֆորս մաժորի հնարավորությունն առաջիկայում, այնուհանդերձ, արձանագրենք, որ քաղտեխնոլոգիաների մասով իշխանությունը կունենա շատ լուրջ գլխացավ: Ընդ որում, պետք չէ բացառել նաև «գետը», որով մեկ անգամ անցել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը: Հարամելու: Հարամվելու: Ամենն ու ամենքին: Մարտի 1-ի օրինակով:
Ահա ինչու` թե՛ հարամողների, թե՛ հարամվողների համար այսօր կրկին խիստ օրակարգային է դարձել Մարտի 1-ը:
ՈՒ այստեղ մտածելու բան իսկապես կա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ